Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կոալիցիոն հրաժեշտի ժամանակը

Կոալիցիոն հրաժեշտի ժամանակը
16.01.2009 | 00:00

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ
Եվ այսպես, կառավարության ղեկավարը հենց առաջին նիստում հրապարակավ հայտարարեց, թե որն է լինելու, իշխանության պատկերացմամբ, հետագա ներքին բարեփոխումների հիմնական ուղղությունը։ Այն է` խոշոր բիզնեսին թափանցիկ հարկային դաշտում ընդգրկելը, ասել է` իրավահավասարության հաստատումը տնտեսական քաղաքականության մեջ և առհասարակ պետություն-քաղաքացիներ հարաբերություններում։
Հիմա մնում է մի շատ պարզ, բայց նույնքան կարևոր հարց` ովքեր և ինչ ձևերով են իրագործելու այս քաղաքականությունը։ Այսօր կա կառավարող կոալիցիա` ձևավորված չորս քաղաքական կուսակցություններից, որոնց գաղափարախոսությունն ու շահերը ներկա իրավիճակում խիստ իրարամերժ են, եթե չասենք, որ կոալիցիոն ուժերի առնվազն մի մասն ավելի շատ աչքի է ընկնում շահերի առկայությամբ, սակայն որևէ գաղափարախոսության բացարձակ բացակայությամբ։ Մյուս կողմից, ներկա կոալիցիան այն ծանր ժառանգության մի մասն է, որը թողել է Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին։ Ավելի շուտ` Քոչարյանն այդ կոալիցիան ձևավորել է իր քաղաքական վերադարձն ապահովելու համար, հետևապես, սա Սերժ Սարգսյանի թիմը չէ, այն երբեք չի աշխատի գործող նախագահի հեղինակության բարձրացման և նրա բարեփոխումների քաղաքականության իրագործման համար։
Այժմ անդրադառնանք կադրերին, քանզի պրոլետարիատի դեռևս չթաղված առաջնորդն է ասել, որ կադրերն են որոշում ամեն ինչ։ Հայաստանի կառավարման համակարգի (կառավարություն, փոխնախարարներ, առաջնային նշանակության վարչությունների պետեր և կարևոր օղակների այլ պաշտոնյաներ, մարզպետներ ու ՏԻՄ ղեկավարներ) կադրային ցանկի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ այն բաղկացած է չորս հիմնական շերտից։
Առաջին շերտը կազմում են այն պաշտոնյաները, ովքեր կարիերայի առաջընթաց են արձանագրել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակներում։ ՈՒ թեպետ Քոչարյանի օրոք հաջողել են պահպանել դիրքերը կամ էլ նույնիսկ առաջընթաց արձանագրել, միևնույն է, շարունակում են մնալ առաջին նախագահի համակիրները։ Այս շերտը 2008-ի նախագահական ընտրություններում քողարկված կամ ոչ այնքան քողարկված աշխատել է հօգուտ Տեր-Պետրոսյանի և այսօր էլ, այսպես ասած, ժառանգական կապի մեջ է նրա գլխավորած բևեռի` արմատական ընդդիմության հետ։ Հետևապես, այս շերտը ներկայացնող պաշտոնյաներին տրամաբանորեն բացարձակ ձեռնտու չէ որևէ բարեփոխման անցկացում, որը կբարձրացներ գործող նախագահի ու վարչապետի վարկանիշը և առնվազն կնվազեցներ այն խոր տարաբաժանումը, որ կա իշխանության և ընտրություններում նրա դեմ քվեարկած բնակչության բավականին ստվար զանգվածի միջև։ Նույն տրամաբանությունից ելնելով` այս շերտի ներկայացուցիչ պաշտոնյաներին կարելի է դիտարկել իբրև պոտենցիալ «սաբոտաժնիկների», որոնք առաջնորդվելու են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով, հուսով, թե դրա հետևանքով, ի վերջո, իշխանության կգա արմատական ընդդիմությունը։ Հասկանալի է, որ պաշտոնյաների այս շերտը երբևէ և որևէ կերպ չի կարող դառնալ գործող նախագահի ու վարչապետի կադրային հենարանը։
Նույնը կարելի է ասել երկրորդ շերտի մասին, որոնց պայմանականորեն կարելի է համարել «քոչարյանականներ»։ Այս խմբի մեջ պետք է դասակարգել այն պաշտոնյաներին, ովքեր կարիերայի առաջընթաց են արձանագրել երկրորդ նախագահի օրոք և իշխանության համակարգում նրա դերակատարությամբ են պայմանավորել ու պայմանավորում են իրենց ապագան։ Այս շերտի համար Տիգրան Սարգսյանը, հատկապես, բոլորովին ընդունելի անձ չէ, քանզի այս շերտի ներկայացուցիչ պաշտոնյաները, հասկանալի է, թե ում են տեսնում վարչապետի պաշտոնում։ Եվ քանի որ սպասված նշանակումն արդեն բավականին երկար ժամանակ է չի կայանում, իսկ այդ իրավիճակն ավելի ու ավելի է սրում իշխանության համակարգում դիրքերը լիարժեք վերականգնելու նախկին նախագահի ու նրա շրջապատի բուռն ցանկությունը, տրամաբանորեն ստացվում է, որ պաշտոնյաների այս շերտն էլ բացարձակապես շահագրգռված չէ բարեփոխումների իրականացմամբ։ Ավելին, այս շերտի ներկայացուցիչները, ըստ էության, պոտենցիալ «սաբոտաժնիկների» երկրորդ էշելոնն են, որոնք իրենց գործունեության մեջ, ամենօրյա աշխատանքում հիմնականում զբաղված են լինելու հնարավոր որևէ բարեփոխում տորպեդահարելով։ Բնականաբար, այս շերտն էլ չի կարող գործող նախագահի ու վարչապետի համար դառնալ կադրային հենարան։
Պաշտոնյաների երրորդ խումբը կամ շերտը կոալիցիոն կուսակցությունների քվոտաներով առաջադրված մարդիկ են։ Հարկ է նշել, որ այս պարագայում, ինչպես ցույց է տալիս փորձը, դարձյալ գործել է ՀՀՇ-ական հայտնի սկզբունքը` «Պոլի փետ լինի, մեր տղեն լինի»։ Այս շերտի պաշտոնյաները բացարձակապես անգիր են արել մի կարևոր իրողություն. իրենք համապատասխան աթոռին են նստած իրենց կուսակցության ղեկավար կազմի առաջադրմամբ կամ ցանկությամբ։ Հետևապես, նրանք ևս կողմնորոշված չեն դեպի իրական բարեփոխումների իրականացումը, և նրանց պահվածքը կառավարման համակարգում հիմնականում պայմանավորված է լինելու իրենց գլխավորած կուսակցության դիրքորոշմամբ։ Այսինքն, եթե կուսակցությունն իսկապես իրեն համարում է գործող նախագահի դաշնակից ու հենարան, նրանք միգուցե և կաշխատեն, բայց իրենց կուսակցական ու անձնական շահերը միշտ նրանց համար լինելու են առաջին պլանում։ Փորձը ցույց է տալիս, որ կուսակցական քվոտայով առաջադրված պաշտոնյաները բոլորից շատ են տառապում ժամանակավոր լինելու բարդույթով։ Եվ, ըստ այդմ, իրենց ամենօրյա գործունեության մեջ ելնում են այն հիմնական ելակետից, որ քանի իշխանության մեջ ես, պետք է «կթես» ինչքան կարող ես, վաղն ով գիտի, ինչ կլինի։ Պարզ է, որ կոալիցիոն քվոտայով նշանակված ՕԵԿ-ականները, ԲՀԿ-ականներն ու դաշնակցականները, նույնիսկ հանրապետականների զգալի մասը բացարձակապես շահագրգիռ չեն կարող լինել հիմնական բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրա արդյունքում կարող են նույնիսկ կորցնել իրենց պաշտոնն ու դիրքերը կառավարման համակարգում, համապատասխանաբար նաև բիզնեսում։
Անշուշտ, կա նաև պաշտոնյաների չորրորդ շերտը, փոքրաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք համակարգում տեղ են գրավել ոչ թե հովանավորչության, ծանոթ-բարեկամ-ընկեր հարաբերությունների կամ կուսակցական առաջադրումների, այլ սեփական կարողությունների ու ընդունակությունների շնորհիվ։ Հենց սրանք էլ, ըստ էության, ապահովում են համակարգի կենսագործունեությունն այնքան, ինչքան հնարավոր է այս պայմաններում։ Սակայն պրոֆեսիոնալների այս նեղ շերտը, որպես կանոն, ապաքաղաքական է։ Դրանք մարդիկ են, ովքեր իրավացիորեն համարում են, թե համակարգին պիտանի են լինելու ցանկացած իշխանության օրոք։ Որովհետև իրենց հեռանալու դեպքում այդ համակարգն ընդհանրապես կդադարի գործելուց։ Այս շերտի ներկայացուցիչ պաշտոնյաները, որպես կանոն, միջին օղակների ներկայացուցիչներն են, իրենց տեսակով բարեխիղճ կատարողներ, սակայն շատ դժվար է այս շերտից ձևավորել կուռ քաղաքական թիմ, որն ընդունակ լինի որևէ բարեփոխում այս երկրում գոնե մի անգամ հասցնելու տրամաբանական ավարտին։
Այսպիսով ստացվում է, որ գործող կոալիցիան որևէ կերպ պիտանի չէ կառավարության հռչակած բարեփոխումների կուրսն իրագործելու համար։ Այն պահպանելու դեպքում նախագահն ու վարչապետը շարունակաբար հարկադրված են լինելու կիսատ թողնել ընդունված որոշումների իրականացումը բազմաթիվ ուղղություններով, քանզի կոալիցիոն գործընկերների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունն այս համակարգում առկա է լինելու մշտապես։ Կտրուկ և արդյունավետ փոփոխություններ իրականացնելու և իր նշանակած վարչապետի գործունեության հաջողությունն ապահովելու համար Սերժ Սարգսյանին սկզբունքորեն չի մնում այլ բան, քան որևէ պատճառաբանությամբ լուծարել կառավարող կոալիցիան, ՀՀԿ-ի հիմքի վրա խորհրդարանում ձևավորել պարզ և կոշտ վերահսկվող մեծամասնություն ու այդ ճանապարհով փորձել իրականացնել խոստացված բարեփոխումների կուրսը։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում կիսատ որոշումներ ընդունելու կամ ժամանակավոր մանևրների հնարավորություն հազիվ թե լինի, եթե նախագահն ու կառավարությունը որոշել են իրականացնել իսկապես արմատական փոփոխություններ։ Հասել է կոալիցիոն հրաժեշտի ժամանակը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ